Փետրվարի 18-ին Վանաձորում ծնված եռյակ տղաներին՝  Արմանին, Արենին ու Արտյոմին ծննդատնից դուրս գրելուց  օրեր անց կրկին տեղափոխել են հիվանդանոց: Մարտի 8-ի երեկոյան երեխաներից մեկի՝ Արտյոմի վիճակը կտրուկ վատացել է:

«Անընդհատ ուտում,  հետ էր տալիս, անհանգստացանք, մտածեցինք՝ շուտ տանենք հիվանդանոց, վիճակը չբարդանա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է երեխաների մայրը՝ Ռիման:

Վատառողջ են եղել նաեւ մյուս տղաները, նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք: Երեխաներին անմիջապես վերցրել են ստացիոնար բուժման:

Բժիշկները երեխաներից երկուսի մոտ նախ թոքաբորբ են կասկածել,սակայն այսօր առավոտյան կատարված հետազոտություններից հետո Արտյոմի մոտ ախտորոշվել է միակողմանի թոքաբորբ, Արենի ու Արմանի մոտ՝ վերին շնչուղիների հիվանդություն:

Երեխաների մոր խոսքով, փոքրիկները  մանկական կերի ու մանկական տակդիրների կարիք ունեն:

§Հագուստով շատ են օգնել, մինչեւ հիմա էլ դեռ շարունակում են օգնել: Կեր ու պամպերսներ էլ էին տվել, բայց արդեն վերջացել է: Հիմա ամենաշատը դրանից ենք խեղճանում¦,- ասում է նա:

News.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում երեխաների բժշկուհին՝ Ծովինար Վարդանյանը դժվարացավ ասել, թե որքան կտեւի  ստացիոնար բուժումը. «Երեխաները շատ փոքր են, խնամքի կարիք ունեն: Մինչեւ լիարժեք լավ վիճակում չլինեն, դուրս չենք գրի»: