Բրիտանացի եւ ամերիկացի գենետիկայի մասնագետներն ապացուցել են, որ ցածր հասակն ու մարմնի ավելորդ զանգվածը կապ ունի մարդու գոյատեւման հնարավորության նվազման հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Մասնագետների տվյալներով, ցածր հասակը հանգեցնում է կրթության մակարդակի նվազմանը, զբաղվածության ցածր մակարդակի եւ ավելի քիչ եկամուտների (հատկապես տղամարդկանց պարագայում): Կանանց դեպքում առավել վտանգավոր է մարմնի ավելորդ զանգվածը, որը նվազեցնում է նրանց եկամուտների մակարդակը:
Գիտնականների խոսքով, յուրաքանչյուր 6 սանտիմետրը տղամարդկանց տարեկան եկամուտը միջինն ավելացնում է շուրջ 2.3 հազար դոլարով, իսկ կանանց մոտ գիրությունը հանգեցնում է շուրջ 4.2 հազար դոլարի կորստի:
Մասնագետներն առայժմ չեն կարողանում բացատրել ստացված արդյունքները: Նրանց կարծիքով, գեր եւ ցածրահասակ մարդկանց այս խնդիրը կարող է կապված լինել նրանց բարդույթների, հանրության վերաբերմունքի եւ սոցիալական փոխազդեցության առանձնահատկությունների հետ:
Հավելենք, որ գիտնականների ուսումնասիրությանը 37-73 տարեկան 120 հազար բրիտանացի կանայք եւ տղամարդիկ են մասնակցել:




























