2011թ. մարտի 11-ին Ճապոնիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով երկրի մի մասը ավելի քան 5 մետրով տեղաշարժվել է դեպի Խաղաղ օվկիանոսի կողմը։ Այս մասին են վկայում մարտի 9-ին Ճապոնիայի հողերի եւ տրանսպորտի նախարարության Աշխարհագրական տեղեկությունների վարչության  հրապարակած տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

NHK-ի տեղեկություններով՝ փորձագետները կարծում են, որ Միյագի պրեֆեկտուրայում Օսիկա թերակղզին 5.4 մետր դեպի արեւելք է տեղաշարժվել, իսկ նրա որոշ հատվածներ՝ անգամ 6.4 մետր։

Ընդ որում, Ճապոնիայի որոշ շրջաններում, օրինակ, Իվատեում եւ Միյագիում, տեղաշարժը մինչեւ  հիմա շարունակվում է տարեկան 10 սմ արագությամբ։

Ճապոնիայի օդերեւութաբանների տեղեկություններով՝ 2011թ. երկրաշարժից հետո առափնյա շրջաններում ավելի քան 12 հազար ստորգետնյա հետցնցում է եղել։ Միայն վերջին մեկ տարում այնտեղ 615 երկրաշարժ է տեղի ունեցել այն դեպքում, երբ 2001-2010թթ. այնտեղ գրանցվել էր 306 երկրաշարժ։