Մագելանյան պինգվինն ամեն տարի ավելի քան 8 հազար կիլոմետր լողում է՝ հանուն տարեց բրազիլացու: Ըստ Metro-ի, 2011 թվականին Խուան Պերեյրա դե Սոուզան փրկել է նավթով պատված եւ կործանման եզրին գտնվող թռչնին՝ նրան կոչելով Դինդիմ:
Ըստ Gazeta-ի, մեկ շաբաթ անց դե Սոուզան փորձել է Դինդիմին ծով արձակել, սակայն պինգվինը հրաժարվել է հեռանալ իր փրկարարից: Արդյունքում նա 11 ամիս մնացել է բրազիլացու հետ: Փետուրները փոխելուց հետո Դինդիմն անհետացել է, բայց մի քանի ամիս անց վերադարձել:
Վերջին հինգ տարիներին Դինդիմը տարվա մեջ 8 ամիս բրազիլացու հետ է ապրում: Մնացյալ ժամանակ նա, հավանաբար, բնակվում է Արգենտինայի եւ Չիլիի ափերին:
«Ես պինգվինին սիրում եմ սեփական երեխայիս պես, եւ ես հավատում եմ, որ նա էլ ինձ է սիրում»,- ասել է դե Սոուզան:
Որոշ մասնագետներ ենթադրում են, որ թռչունը, հնարավոր է, բրազիլացուն իր ընտանիքի անդամն է համարում եւ, գուցե, նաեւ պինգվին:




























