Հնդկաստանի բնակիչ Մոֆիջուլ Ռահիմա Շեյխը, որը իր հարազատ Արեւմտյան Բենգալիա նահանգից հեռացել էր աշխատանք որոնելու նպատակով, 10 մլն ռուփի է շահել վիճակախաղով, հայտնում է Gazeta-ն՝վկայակոչելով Mashable-ը:

Անցած շաբաթ 22-ամյա Շեյխը ժամանել էր Կերալա նահանգ ու աշխատանք գտել շինարարական ընկերությունում: Հնդկաստանցին աշխատանք էր որոնում, որպեսզի գումար վաստակի իր ծնողների, կնոջ ու ութ ամսական դստեր համար:

Իր առաջին աշխատավարձով Շեյխը 50 ռուփիով ( 0.75 դոլար) վիճակախաղի տոմս էր գնել ու շահել 10 մլն ռուփի ( գրեթե 150 հազար դոլար): Վիճակախաղը Կերալա նահանգի կառավարությունն էր անցկացնում:

Գումար շահելուց հետո Շեյխը դիմել է տեղի ոստիկանությանը: Նա վախենում էր, որ իր վրա կարող են հարձակվել: Իրավապահ մարմինների աշխատակիցները օգնել են, որ հնդկացին հաշիվ բացի բանկում:

Շեյխը որոշել է վերադառնալ իր հայրենի նահանգ, նրա ընտանիքը հույս ունի, որ նա շահած գումարը կօգտագործի սեփական բիզնես սկսելու համար: