Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մարտի 9-ին ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երեւան ավտոճանապարհի Տիգրանաշեն գյուղի հատվածում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:
Վթարի պահին ավտոմեքենայում գտնվել է 5 անձ, որոնցից 3-ը՝ եղբայրներ։ Ավտովթարի հետեւանքով վարորդը՝ Կարեն Կարապետյանը, ուղեւորներ Վահան Ղուկասյանը, եղբայրներից մեկը՝ Ռուսլան Հարությունյանը մահացել են, իսկ մյուս ուղեւորներ՝ եղբայրներ Ռոման եւ Արկադի Հարությունյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Կատարվել է դեպքի վայրի զննություն. վթարի ենթարկված «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է ավտոճանապարհին հարակից ձորում՝ ճանապարհից շուրջ 250 մետր հեռավորության վրա, ամբողջությամբ վնասված եւ դեֆորմացված վիճակում:
Նախաքննությամբ պարզվել է, որ վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը եւ բոլոր ուղեւորները հանդիսանում են պայմանագրային զինծառայողներ:
Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական եւ դատաքիմիական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն, եւ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։





























