Վայքում 2015-ի հոկտեմբերին ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող 31-ամյա Լիանա Մանուկյանի համար մեղադրողը պահանջել է 6,5 տարվա ազատազրկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբան Նաիրի Բաղդասարյանը:

«Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 9-ին ավարտվեց դատաքննությունը: Գործով դատախազը պահանջեց նվազագույն պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկում: Պաշտպանյալս վերջին խոսքի իրավունք խնդրեց, այդ պատճառով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 22-ին»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ գործը քննվել է արագացված կարգով, քանի որ նման ցանկություն հայտնել է ամբաստանյալը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վայքի բնակչուհի, 31-ամյա Լիանա Մանուկյանը 2015թ. հոկտեմբերի 7-ին իրենց ավտոտնակում հագել է զինվորական համազգեստի կիսաբաճկոն, ավագ որդու ձմեռային կոշիկները, նախապես իրենց բնակարանից վերցնել կտորե ձեռնոցներ, կպչուն ժապավեն, խոհանոցային դանակ եւ իր հանցավոր մտադրություններն իրականացնելու նպատակով գնացել է Զոյա Ավագյանի բնակարան: Մուտքի մոտ արդեն Լիանան դիմակավորվել է զուգագուլպայով, հագել ձեռնոցները եւ խոհանոցային դանակը ձեռքին թակել Զոյա Ավագյանի բնակարանի մուտքի դուռը: Երբ վերջինս բացել է դուռը, Լիանա Մանուկյանը Զոյա Ավագյանին հրել եւ ապօրինի մուտք է գործել նրա բնակարան, որից հետո ձեռքին գտնվող դանակով հարձակվել Զոյա Ավագյանի վրա, դանակը պահել նրա պարանոցի շրջանին, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Զոյա Ավագյանից պահանջել է հանձնել ոսկյա զարդեր:

Լիաննա Մանուկյանի հետագա գործողությունները խափանվել են Զոյա Ավագյանի օգնության կանչերի վրա եկած հարեւանների օգնությամբ:

Լիանա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, որը նախատեսում է ազատազրկում 6-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Խափանման միջոց է ընտրվել գրավը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ.-ի հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայքում: Քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 53 շենքում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Հարձակվողը երիտասարդ կին է եղել: NEWS.am-ի տեղեկություններով` 31-ամյա կինը դանակով զինված ու դիմակավորված ներխուժել է բնակարան, բռնություն գործադրել տանտիրոջ նկատմամբ, սպանության սպառնալիքների ներքո պահանջել գումար եւ ոսկյա զարդեր: