Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի 52-ամյա բնակչուհին առավոտյան ընտանիքի անդամներին խաբել, ասել է, թե զուգարան է գնում, իսկ որոշ ժամանակ անց նրան ջրհորում են գտել:
«Առավոտյան ժամը 8-ն էր, ինքը դուրս եկավ, ասեց՝ զուգարան եմ գնում: Ես էլ էն հույսն ունեի, որ իրականությանը համապատասխան է: Ի՞նչ իմանայի, որ միտքը էդ է եղել: Հետո զգացի, որ ուշացավ, դուրս եկա, տեսա՝ հորի մեջ է արդեն»,- պատմեց ամուսինը:
Կնոջ հոգեկան հիվանդությունը, ամուսնու խոսքով, վերջին շրջանում սրվել էր:
«Հիվանդությունն իրան խեղդել էր արդեն: Ի վիճակի էր էլ, ասում էր՝ չեմ ուզում, վերջ»,- նշեց նա:
Հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ կինը նախկինում ձեռքերի երակները կտրելու միջոցով է փորձել ինքնասպան լինել: Նրանց խոսքով՝ նա իրեն ներշնչել է, թե քաղցկեղով է տառապում ու որոշել է կյանքին վերջ տալ: Նա երկար տարիներ ամուսնու խնամքի տակ է գտնվել: Նա երկու դուստր ունի, հոգեկան խնդիրներ է ձեռք բերել շատ տարիներ առաջ՝ երրորդ դստեր մահվանից հետո:




























