Salomon Brothers ներդրումային բանկի նախկին գլխավոր տնօրեն Ջոն Գուտֆրենդը, որին 1980-ների կեսերին «Ուոլլ սթրիթի արքա» էին կոչում, Նյու Յորքում մահացել է 86 տարեկան հասակում, հինգշաբթի` մարտի 10-ին տեղեկացնում է Bloomberg-ը: Գուտֆրենդը մահացել է հիվանդանոցում` թոքաբորբի պատճառով:
Գուտֆրենդը Salomon Brothers-ը փոխառության տոմսերի առեւտրով զբաղվող ավանդական բիզնեսից վերածեց այնպիսի ոլորտներում առաջատար դարձած բանկի, ինչպիսին է հիպոթեքային ածանցյալ արժեթղթերի ոլորտը: Salomon-ի կապիտալը 30 տարում 209 մլն դոլարից աճեց մինչեւ 3,4 մլրդ դոլարի եւ բանկը կարողացավ դիմանալ 1987-ին շուկայի աղետալի փլուզմանը:
1991-ին Գուտֆրենդը խոստովանեց, որ խախտել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության կանոնները` ֆոնդային բորսայում հաճախորդների կողմից չթույլատրված գործարքներ անելով: Սկանդալը Գուտֆրենդին ստիպեց հրաժարական տալ, ինչից հետո բանկը ժամանակավորապես գլխավորեց առաջատար փոքրամասնական բաժնետեր Ուորեն Բաֆետը, հայտնում է Lenta-ն:
Սկանդալի հետեւանքով համբավին հասցված վնասի պատճառով ֆինանսիստը խնդիրներ ուներ բանկային բիզնեսում բարձր պաշտոններ զբաղեցնելու առումով: Այսպես, 2010-ին հրաժարվեցին նրան ընտրել ԱՄՆ-ի խոշորագույն բանկի` JP Morgan-ի տնօրենների խորհրդի անդամ:
1998-ին Salomon-ը ձեռք բերեց Travelers Group-ը, իսկ ներկա պահին վարկային կազմակերպությունը բանկային Citigroup կոնգլոմերատի մաս է կազմում:



























