Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչներ, ամուսիններ Լուսինե Հ.-ն ու Արամ Պ.-ն մեղադրվում են բժշկի ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ամուսինները 2015թ. նոյեմբերի 16-ին գնացել են Մարտունիի ծննդատուն: Հիվանդանոցի երկրորդ հարկի միջանցքում նրանք պատահաբար հանդիպել են ծննդատան մանկաբույժ Սվետլանա Գրիգորյանին: Իրենց երեխայի բուժման հետ կապված հարցի համար ձեռքերն օդում թափ տալով՝ Լուսինե Հ.-ն մոտեցել է Սվետլանա Գրիգորյանին եւ դիտավորությամբ բռունցքներով երկու անգամ հարվածել է գլխին՝ պատճառելով փակ գանգուղեղային վնասվածքի ձեւով առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով: Այս ընթացքում Արամ Պ.-ն մի կողմ է քաշել կնոջը եւ դիտավորությամբ ձախ ձեռքով հարվածել է Սվետլանա Գրիգորյանին՝ պատճառելով աջ այտային շրջանի արյունազեղման փակ գանգուղեղային վնասվածքի ձեւով առողջության թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

Արամ Պ.-ին եւ Լուսինե Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: