ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը նոր Ընտրական օրենսգրքով նախատեսվող ռեյտինգային համամասնական ընտրակարգը  համարում է հետաքրքիր։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում։

«Ես եղել եմ ԲՀԿ-ից առաջադրված մեծամասնական թեկնածու, եւ երբ որ մեզ համար ձայներ բերելու խնդիր ունեինք, համագործակցում էինք ե՛ւ հանրապետականների, ե՛ւ դաշնակցականների, ե՛ւ այն ընտրողների հետ, որոնք կարող էին ընտրել այլ կուսակցության, իսկ  մեծամասնական թեկնածուին ընտրել անկախ կուսակցական պատկանելությունից»,-նշեց նա:

Արագած Ախոյանը պնդեց, որ նոր կարգով ամեն ինչ ավելի հստակեցվում է։ «Արդեն որեւէ կուսակցության դիրքորոշում ունեցող  ընտրողը ռեյտինգավորված ընտրություն կանի նաեւ նույն կուսակցության անդամների միջեւ։ Այդ անդամի միջոցով կընտրի կուսակցությունը։ Այսինքն՝ նույն համամասնական ցուցակի մեջ կբարձրանա նաեւ անհատի դերը։ Բացի քո շահերից ստիպված ես պաշտպանել կուսակցության շահերը»,-ընդգծեց Ախոյանը:

Նշենք, որ համամասնական ռեյտինգային մոդելը ենթադրում է, որ բացի կուսակցությունների համամասնական ցուցակներից պետք է լինեն նաեւ կուսակցական ցուցակներ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար: Այդ ցուցակում կլինեն կուսակցության թեկնածուների անուններ, որոնց ընտրելով քաղաքացին ձայն է տալիս նաեւ տվյալ կուսակցությանը:

Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները լինեն միայն համամասնական ցուցակներով, ինչպես եղել է մինչեւ այժմ համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ: