Սեպտեմբերի 28-ին Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում տեղի կունենա Կորեայի Աշխատանքային կուսակցության կոնֆերանսը, որի ժամանակ կընտրվեն կուսակցական առաջնորդները, հաղորդել է Հյուսիսային Կորեայի Նորությունների կենտրոնական գործակալությունը: Սպասվում է, որ այդ համագումարին հայտնի կդառնա 69-ամյա Կիմ Չեն Իրի ժառանգորդի անունը: Երկար ժամանակ համարում էին, որ Կիմ Չեն Իրին կփոխարինի նրա կրտսեր որդին` Կիմ Չեն Ունը: Սակայն սեպտեմբերի 4-ից 6-ը Չինաստան կատարած այցի ժամանակ Կիմ Չեն Իրը հերքեց այդ լուրերը: Նշենք, որ ԿԺԴՀ ներկա առաջնորդը 30 տարի առաջ հայտարարվել է հոր` Կիմ Իր Սենի ժառանգորդ: Կիմ Չեն Իրը Կորեայի Աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղարն է եւ երկիրը ղեկավարում է 1994-ից: Կուսակցական առաջնորդի առողջական վիճակը կոմունիստական պետության ամենափակ գաղտնիքն է: Հարավկորեական հետախուզության տվյալներով, 2008-ին Կիմ Չեն Իրը սրտի կաթված կամ ինսուլտ է ունեցել եւ նրան  երկու տարվա կյանք են տալիս:

Հարավային Կորեայի հետախուզական ծառայության ղեկավար Վոն Սի Հունը փակ նիստում հայտնել է, որ ինսուլտից հետո ԿԺԴՀ առաջնորդն ընկել է մարազմի մեջ: Սակայն, Սեուլում վստահ են, որ նույնիսկ այսպիսի ղեկավարությամբ, ԿԺԴՀ-ն երկու տարում միջուկային զենք կստեղծի: