Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի հետեւանքով մահացած 35-ամյա Վահան Ղուկասյանը երկու տարի առաջ էր ամուսնացել, Արտաշատում նոր բնակարան էր գնել ընտանիքի հետ այնտեղ բնակվելու համար: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը` Զոյա Ղուկասյանը, նշեց, որ ինքը միշտ էլ դեմ է եղել, որ տղան պայմանագրային զինծառայության անցնի, վախեցել է, որ նրա հետ վատ բան կպատահի:

«Միչեւ գալիս էր պոստերից, սիրտս տեղից հելնում էր, ասում էի երբ է լրանալու էդ 15 օրը, որ գա, հանգստանամ: Էս անգամ չեկավ, չհասավ տուն, իր նոր տունն էլ չվայելեց: Խելոք, աշխատասեր երեխա եմ կորցրել, երկու պոստ էր մնացել, որ պրծներ, գար հասներ ընտանիքին»,-ասաց նա:

Զոյա Ղուկասյանի խոսքով` Վահանը մինչեւ պայմանագրային զինծառայության անցնելը Ռուսաստանի Դաշնությունում է աշխատել` ծանր պայմաններում ապրող ընտանիքը պահել կարողանալու համար. «Ռուսաստանում էր, հետո եկավ աշխատանք էր ման գալիս, էդ աշխատանքը գտավ»:

Նշենք, որ Վահան Ղուկասյանի քույրը  6 ամիս առաջ  էր  մահացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմանում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւորներ՝ 32-ամյա Ա., 28-ամյա Ռ. եւ 30-ամյա Ռ. Հ.-երը հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն. Ռ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: