Ընտրական օրենսգիրքի նոր նախագիծը ոչ միայն չի վերացնում հասարակական անվստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ, այլեւ նոր անարդարությունների եւ հակաժողովրդավարական գործընթացների սկիզբ է դնում: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Այս նախագիծը ճորտատիրության մասին է. Հայաստանի օրենսդիր մարմինը սրանով դառնում է ճորտատիրության մոդել, որովհետեւ պատգամավորները շատ հարցերում կաշկանդված են. նրանք չեն կարող տեղաշարժվել, դուրս գալ այն խմբից, որով ընտրվել են, տեղափոխվել այլ կուսակցություն կամ խմբակցություն, կամ անկախ դառնալ: Բացի այդ, նրանց քվոտաներ եւ պաշտոններ են բաժանում. պաշտոններով էլ նույնպես ճորտացնում, դա էլ է ընտրակաշառք»,- ասաց Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքի այս նախագիծը նվազագույնի է հասցնում նաեւ սուր կառուցողական քաղաքական բանավեճն Ազգային ժողովում` հակադիր քաղաքական ուժերին ստիպելով կայուն մեծամասնություն ձեւավորել: Ազատ Արշակյանի կարծիքով, սա կարող է հանգեցնել հարմարվողականության, որտեղ մարդը քաղաքական դիրքորոշում եւ ծրագիր չի ունենա:
«Ժողովրդավարական ընտրությունների տրամաբանությունը հետեւյալն է. երկու հիմնական մրցակից ուժեր գրավում են առաջին երկու տեղերը, նրանց մեջ եղած ձայների տարբերությունը կարեւոր չէ: 25 տարվա մեր պատմությունն էլ է սա ցույց տալիս: Հիմա նոր օրենսգիրքն այդ անհաշտ թիմերին առաջարկում է դառնալ կառուցողական մեծամասնություն նույն դրոշի ներքո` ստիպելով անընդհատ նույն բանի տակ ստորագրել, մինչդեռ այս ուժերը պետք է լինեն հակառակ բարիկադներում»,- նշեց Ազատ Արշակյանը:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում լսումներ կսկսվեն:





























