Իսրայելի վարչապետի գրասենյակը զեկույց է հրապարակել երկրի վարչապետ Բենյամին Նաթանյահուի առողջական վիճակի մասին: Ինչպես նշում է իսրայելական «Հաարեց» թերթը, նման զեկույցի հրապարակումը պարտադիր է դարձել այն բանից հետո, երբ ինսուլտը անաշխատունակ դարձրեց Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնին, ով դրանից հետո կոմայի մեջ ընկավ եւ մինչ օրս այդ վիճակում է:
Նաթանյահուի բժիշկ Ծվի Հերման Բերկովիչի տված եզրակացության համաձայն, վարչապետի առողջական վիճակը «գերազանց» է:
Նաթանյահուն ամբողջական բժշկական հետազոտություն է անցել, որից պարզ է դարձել, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է:
Միաժամանակ, վարչապետի մոտ արյան ճնշումը մի փոքր բարձր է, ինչն այդ տարիքում հաճախ է պատահում: Զեկույցում նշվում է, որ Նաթանյահուն առողջ դիետա է պահում եւ շաբաթական մի քանի անգամ սպորտով է զբաղվում: Այդուհանդերձ, բժիշկները խորհուրդ են տվել Իսրայելի վարչապետին նիհարել, ինչը նույնպես նշված է զեկույցում, հաղորդում է MIGnews-ը:





























