Գյումրիում եւ Վանաձորում քաղաքապետի անմիջական ընտրություններից հրաժարվելը չի ազդի Հայաստանում ընտրությունների որակի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ, նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն, մայրաքաղաքի համանմանությամբ հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում առաջարկվում է համամասնական ընտրական համակարգ սահմանել։ Անդրադառնալով ընդդիմության այն  հայտարարություններին, թե դա պայմանավորված է Գյումրիում եւ Երեւանում 2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի տապալումով եւ այդ քաղաքներում սահմանադրական հանրաքվեի փաստացի ձախողմամբ, Մարտիրոսյանը նշեց. «Դա ընդամենը ընտրական համակարգի տարբերակներից մեկն է։ Որ տարբերակն էլ որ ընտրեինք, ընդդիմությունը միեւնույնն է քննադատելու էր։ Որոշումը պայմանավորված է ամենախոշոր քաղաքներում տեղի ղեկավարության միանման կարգ սահմանելու ձգտումով»։

Հիշեցնենք, որ Երեւանից բացի, որտեղ 2009թ.-ից համամասնական համակարգով ընտրվում է քաղաքային Ավագանու խորհուրդը, որն էլ ընտրում է քաղաքապետին, Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջարկում է նման կարգ սահմանել հանրապետության 2-րդ եւ 3-րդ քաղաքների համար, այսինքն՝ Գյումրիում եւ Վանաձորում հրաժարվել քաղաքապետի անմիջական ընտրություններից։