Նոր Ընտրական օրենսգրքի նախագծում տեղամասերում լրագրողների եւ դիտորդների թիվը 8-ով սահմանափակելու մասին դրույթ կա, սակայն մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած այլ մեխանիզմ, որը կօգնի խուսափել ընտրատեղամասում խառնաշփոթից։ Այս մասին մարտի 11-ին՝ ԸՕ նախագծի հանրային քննարկման ժամանակ, ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, թե տեղամասերում լրագրողների եւ դիտորդների թիվը սահմանափակելու մասին դրույթը բացարձակ անընդունելի է, Հարությունյանը նշեց. «Իհարկե, դա լավագույն լուծումը չէ։ Մենք բաց ենք քննարկումների համար։ Եթե դուք ավելի արդյունավետ մեխանիզմ կառաջարկեք, մենք պատրաստ ենք քննարկել դա։ Սա քաղաքական փոխզիջման հարց է»։





























