Youtube-ի աղմկահարույց կադրերում սպայի կողմից բռնությունների ենթարկված երկու զինծառայողները հարցաքննության ժամանակ հայտարարել են, թե իրենց հրամանատարի դեմ ոչինչ չունեն, քանի որ նա «նորմալ հրամանատար է», գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Թերթին այս տեղեկությունը հայտնի է դարձել  Ռազմական ոստիկանության իրազեկ աղբյուրներից, որտեղ եւ գտնվում են զինվորները: «Հայկական ժամանակ»-ը երեկ  նաեւ տեղեկացել է, որ  բացի սպայից եւ երկու զինծառայողներից, այժմ ՌՈ-ում է գտնվում  նաեւ տեսագրության հեղինակը: «Մեր աղբյուրների փոխանցմամբ`տեսագրությունն արել է շարքային զինծառայողներից մեկը, որը զորամասի բուժկետում վարորդ է աշխատում: Իսկ ՌՈ-ից պաշտոնական հայտարարություններ դեռեւս չեն հնչում»,-գրում է թերթը:

Նշենք, որ դեպքի առնչությամբ, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածով (պաշտոնական լիազորություններն անցնելը): Սակայն, թերթի ունեցած տեղեկություններով, չի բացառվում, որ նախաքննության ընթացքում հոդվածը փոխվի: Նշենք, որ, ըստ տեղեկությունների, սադիստ սպայի անունը Սասուն Գալստյան է: