Հայաստանում «Երեխաների սնուցման գլոբալ ֆորում» կկազմակերպվի: Այս մասին նշվել է ՀՀ կրթության եւ գիտության  նախարար Լեւոն Մկրտչյանի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյին եւ ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի  շարունակականության ապահովման եւ աշնանը Հայաստանում նախատեսվող «Երեխաների սնուցման գլոբալ ֆորումի» կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: 

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կարեւորել է Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը` ընդգծելով,  որ նախարարությունը հաստատակամ է ՀՀ մարզերում  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականության ապահովման գործում:

Ներկայումս դպրոցական սննդի ծրագիրը 3 մարզերում իրականացվում է ՀՀ  կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի՝ ՌԴ կառավարության օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի  տարրական դպրոցի շուրջ 90 հազար աշակերտներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ինչպես ծրագրի ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործման, այնպես էլ դպրոցներում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական  միջոցների բարելավման հետ կապված հարցերին:

Անդրադառնալով ՀՀ կառավարության, «Երեխաների սնուցման գլոբալ  հիմնադրամի» եւ ՊՀԾ գերազանցության կենտրոնի/Բրազիլիա/ կողմից համատեղ կազմակերպվող «Երեխաների սնուցման 18-րդ գլոբալ  ֆորումին»` նախարարն ընդգծել է, որ  այն Հայաստանի համար խիստ պատասխանատու եւ հեղինակավոր միջոցառում է: Նշվել է, որ Հայաստանը նախկին խորհրդային երկրներից առաջինն է, որտեղ անցկացվելու է «Երեխաների սնուցման գլոբալ ֆորումը»: Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն   շուրջ 50 երկրների բարձրաստիճան  ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ  ֆորումի կազմակերպման հարցում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու Ռուսաստանի  պարենի ճյուղային սննդի ինստիտուտը կցուցաբերեն աջակցություն ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: