Ընտրատեղամասերում լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ դիտորդների թվի սահմանափակումն Ընտրական օրենսգրքի նոր նախագծում դեռեւս չի նշանակում այդ դրույթի վերջնական ընդունում: Այսօր` մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով այն դրույթին, որի համաձայն` տեղամասում միաժամանակ կարող է լինել 8 ԶԼՄ ներկայացուցիչ եւ դիտորդ:

«Այս դրույթի վերաբերյալ դժգոհություններ կան թե լրատվամիջոցների, թե քաղաքական ուժերի կողմից: Խնդիրն այն է, որ նախագծում լրատվամիջոցների եւ դիտորդների թվի սահմանափակումը չի նշանակում վերջնական ընդունում: Պետք է քննարկել այս դրույթը, մարդիկ կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել, որոնք չեն բացառվում` տեղ կգտնեն Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակում»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Ինչ վերաբերում է նախագծի 31-րդ հոդվածի 5-րդ կետին, որի համաձայն՝ հանձնաժողովի նախագահը կարող է հեռացնել վստահված անձանց, դիտորդներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին, ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ այս դրույթի վերաբերյալ մտավախություն չեն կարող ունենալ, եթե իրանակացնում են օրենքով սահմանված գործողությունները:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: Հաջորդ շաբաթ արդեն իսկ սպասվում են խորհրդարանական լսումներ: