Վանից ոչ հեռու՝ Յուքարըբաքրաչլը գյուղում գտնվող հայտնի Վարագավանքը նախատեսված է վերանորոգել, որի համար անհրաժեշտ է հայկական եկեղեցական համալիրի կողքին գտնվող մզկիթը տեղափոխել մեկ այլ վայր:  

Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հիշյալ գյուղի իմամ Մեհմեդ Չոբանը՝ նշելով, որ Վարագավանքի վերականգնման համար անհրաժեշտ է դիմացի մզկիթը տեղափոխել այլ վայր:   «Մենք համապատասխան դիմումը գրել ենք, ուղարկել ենք: Վանի նահանգապետարանը եւ  մշակույթի ու տուրիզմի նախարարությունը հաստատել են վերականգնման ծրագիրը: Հաջորդ տարի կսկսվի եկեղեցական համալիրի վերանորոգումը»-նշեց Մեհմեդը Չոբանը՝ հավելելով, որ նախատեսվում է Աղթամարի եկեղեցու պես լիարժեք վերանորոգում իրականցնել:

Այս թեմայի շուրջ զրույցում, Վարագավանք ժամանած Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը նշեց, թե տեղյակ է վերանորոգման շուրջ խոսակցություններին, սակայն մանրամասներին չի տիրապետում: Ըստ վարդապետի՝ Թուրքիայում Աղթամարի Ս.Խաչից բացի այլ եկեղեցիներ եւս վերանորոգվել են եւ վերանորոգման փուլում են, ուստի, նա այս մեկի վերականգնմանը եւս հավատում է:

Նշենք, որ Վարագավանքը կառուցվել է Ս.Հռիփսիմեի կողմից այդ վայրում թողնված Քրիստոսի խաչափայտի մասունքի տեղում:  Սկզբում կառուցվել է Ս.Նշան եկեղեցին, այնուհետ եկեղեցիների քանակը հասել է 7-ի: