Ընտրական օրենսգրքի նոր նախագծում չկա ռեյտինգային եւ մեծամասնական քվեարկության մասին որեւէ դրույթ: Այս մասին այսօր` մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով ընդդիմադիր ուժերի եւ հասարակական կազմակերպությունների պնդումներին, թե այս նախագծով մեծամասնական ընտրակարգը մնում է:
«Ռեյտինգային եւ մեծամասնական քվեարկության մասին խոսողները պատկերացում չունեն այդ տեսակ քվեարկությունների մասին: Ռեյտինգային եւ մեծամասնական քվեարկություն գոյություն չունի մեր առաջարկած նախագծում»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` մեխանիզմն է մի քիչ բարդ, որը մտահոգություններ է առաջացնում հասարակություն մեջ. «Մենք ժամանակ ունենք եւ կկարողանանք բացատրել ժողովրդին քվեարկության մեխանիզմը»:
Ինչ վերաբերում է «գունավոր» քվեարկությանը, Գագիկ Մելիքյանի պնդմամբ, սրանով «կարուսելի» մեխանիզմը բացառվում է:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: Հաջորդ շաբաթ արդեն իսկ սպասվում են խորհրդարանական լսումներ:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագծում համամասնական ռեյտինգային մոդել է ներդրված, որը ենթադրում է, որ բացի կուսակցությունների համամասնական ցուցակներից պետք է լինեն նաեւ կուսակցական ցուցակներ յուրաքանչյուր ընտրական տարածքի համար: Այդ ցուցակում կլինեն կուսակցության թեկնածուների անուններ, որոնց ընտրելով քաղաքացին ձայն է տալիս նաեւ տվյալ կուսակցությանը:
Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները լինեն միայն համամասնական ցուցակներով, ինչպես եղել է մինչեւ այժմ համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ:
Յուրաքանչյուր կուսակցության համամասնական ցուցակ կունենա իր գույնը:





























