«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի: Դա, թերթի տեղեկացմամբ, արտաքուստ կապվելու է ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հետ:

«Չնայած ԸՕ-ում նախատեսվող փոփոխությունները դեռեւս քննարկման փուլում են, ակնհայտ է, որ դրանց ընդունվելուց հետո, որոշակի փոփոխության է ենթարկվելու ընտրական հանձնաժողովների կազմավորման կարգը, ինչի արդյունքում էլ պետք է վերակազմավորվեն կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովները, եւ ԸՀ անդամները պիտի վերանշանակվեն: Գարեգին Ազարյանը, ահա, ըստ մեր տեղեկությունների, վերանշանակվողների ցանկում չի լինելու: Ըստ իրազեկ աղբյուրների, Ազարյանն զգացել է վերահաս վտանգը եւ մասնավոր զրույցներում սկսել է դժգոհել, որ իշխանական վերնախավում ինչ-որ անձինք ցանկանում են իրենից ազատվել: Ազարյանը, մասնավորապես, բողոքում է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից՝ մասնավոր զրույցներում նշելով, որ հենց նա է իր դեմ դավադրություն կազմակերպել:

Սակայն իրականում, Ազարյանի շուրջ ծավալվելիք իրադարձություններն ուղղակի կապված են իշխանական երկրորդ կուսակցության՝ ԲՀԿ-ի շուրջ ընթացող զարգացումների հետ: Ազարյանը ԿԸՀ անդամ է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ համարվում է երկրորդ իշխանական կուսակցությունը՝ ԲՀԿ-ն ստեղծելու գաղափարի հեղինակներից մեկը: 2007-ի ԱԺ եւ 2009-ի Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում գործնականում հենց նա է ԿԸՀ-ում զբաղվել ԲՀԿ-ի շահերը պաշտպանելով, որպեսզի այդ կուսակցությանը խոստացված տեղերը պահպանվեն: Հայտնի է նաեւ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ Ազարյանը բավական մտերիմ հարաբերությունների մեջ են: ԿԸՀ նախագահն իր եւ Ծառուկյանի հարաբերությունների մասին մինչեւ վերջերս սիրել է գլուխ գովել: Իսկ այս տարվա մայիսին ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ստեփանակերտում գտնվելիս, Ազարյանը բոլորովին այլ առիթով է գլուխ գովել: Մասնավոր մի զրույցի ժամանակ Ազարյանը պատմել է, որ երբ ինքն առաջարկել է բոլոր տեսակի թեկնածուներին եւ ընտրական հանձնաժողովների անդամներին զրկել օրենքով տրված անձեռնմխելիությունից, Սերժ Սարգսյանը կանչել է իրեն ու ասել, որ ինքը ուրիշներով չի հետաքրքրվում, բայց մտահոգված է, թե հանկարծ անձեռնմխելիությունը վերացնելուց հետո մի օր էլ Գարեգին Ազարյանին չձերբակալեն»,-եզրափակում է պարբերականը: