NEWS.am-ը շարունակում է հրապարակել մեկնաբանությունների շարք՝ կապված Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա մեկնելու նպատակահարմարության հետ: Այցը պետք է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցի պատասխանը լիներ, աակայն թուրքական կողմը Ադրբեջանի ճնշման տակ սկսեց նախապայմններ առաջ քաշել՝ հայ-թուրքական մերձեցման հեռանկարները կապելով ղարաբաղյան հակարամտության հետ, ինչին Հայաստանի նախագահը պատասխանեց, որ չի մեկնի Թուրքիա, եթե մինչեւ հոկտեմբերի 14-ը հայ-թուրքական սահմանը բացված չլինի կամ մենք չգտնվենք բացման նախաշեմին:

Ահա թե ինչպես են մեկնաբանում Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա մեկնել-չմեկնելու անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղում:

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ «Թուրքիան խնդիրն ընկալում է իրավիճակին ոչ համարժեք կտրվածքով»:

Աթանեսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց. «Պաշտոնական Անկարան կարծում է, թե հայ- թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար այնքան կենսական նշանակություն ունի, որ կարելի է դրա դիմաց մեծագույն զիջումներ կորզել: Մինչդեռ Թուրքիայում պիտի հաշտված լինեին այն մտքի հետ, որ Հայաստանին „ծնկի բերելու“` Ադրբեջանի պահանջով իրենց մշակած քաղաքականությունը փաստորեն անարդյունավետ է եւ` անպատվաբեր մի երկրի համար, որ հավակնում է Եվրամիությանն անդամակցել»: Ըստ ղարաբաղց պատգամավորի՝ «Սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետությունների միջեւ հարաբերությունների մեկնակետն է, մինչդեռ թուրքական կողմը կարծում է, թե դա ինչ-որ մի դարակազմիկ իրադարձությունն է», իսկ դա ցույց է տալիս, թե որքան կանխատրամադրված է Թուրքիան: «Այստեղ, իհարկե, մեծ է Ադրբեջանի հակազդեցության գործոնը: Դա էլ իր հերթին վկայում է, որ ոչ Թուրքիան, ոչ, մանավանդ, Ադրբեջանը կայացած պետություն չէ: Միայն մի բան` Ադրբեջանը եւ Թուրքիան առանձին- առանձին ունակ չեն հարաբերություններ կարգավորել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ, առհասարակ, հայ ժողովրդի հետ:

Բայց դա չի կարող անվերջ շարունակվել»,- ասաց Աթանեսյանը եւ հավելեց. «Թուրքիան պետք է ընկալի, որ Հարավային Կովկասում որեւէ ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Թվում է, որ Թուրքիան երկընտրանքի մեջ է: Բայց ընդհանուր զգացողությունն այն է, որ մինչեւ ֆուտբոլային պատասխան հանդիպմանը շատ քիչ ժամանակ է մնում, որպեսզի էական առաընթաց արձանագրվի կամ` ուրվագծվի առաջընթացի շոշափելի հեռանկար: Նախագահ Սերժ Սարգսյանը, կարծում եմ, Թուրքիա չի այցելի: Թեեւ ցանկալի է, որ այցը կայանա»:

ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն էլ, NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի նախագահի՝ Թուրքիա մեկնելու հավանականությունը, նշեց, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները դեռ չեն հասել բարելավման այնպիսի մակարդակի, որ Թուրքիա ամենաբարձր մակարդակի այցն անհրաժեշտություն համարվի: «Մերձեցման» շուրջ միջազգային քարոզչությունն աշխատում է Թուրքիայի օգտին: Մասնավորապես թուրքական դիվանագիտության հաջողվեց չեզոքացնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը ապրիլին, եւ դրա հիմնական փաստարկը հայ-թուրքական հրապարակյին երկխոսությունն ու Անկարայի կոչերն էին այլ երկրներին՝ միակողմանի գործողություններով չխանգարել երկխոսության իրականացմանը",- արձանագրեց Մայիլյանը եւ հավելեց. «Իհարկե, բարիդրացիական հարաբերություններ հաստատելը պետք է, բայց դա չպետք է լինի միակողմանի: Ղարաբաղում որոշակի անվստահությամբ են վերաբերվում թուրքական նախաձեռնություններին»,- նշեց Մայիլյանը:

ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարը նկատեց, որ Ղարաբաղի համար Թուրքիայի մտադրությունների անկեղծության ցուցիչ կարող են հանդիսանալ Անկարայի հետեւյալ գործնական քայլերը՝ հրաժարվել Ադրբեջանի օգտին տարածքային զիջումներ անելուն հայերին պարտադրելուց, եւ բացել ցամաքային սահմանը: «Այդ քայլերը մեզ կապացուցեն, թե ում հետ մենք գործ ունենք, երկրի՞, որ շարունակում է պանթյուրքիզմի քաղաքականությունը, թե՞ ժամանակակից Թուրքիայի, որ ցանկանում է դառնալ Եվրամիության մի մասնիկը՝ կերոլվ այդ միավորման արժեքները»,- ամփոփեց Մայիլյանը: