Անկախության 19 տարիների ամենալուրջ առաջընթացը հասարակության կողմից ձեռքբերվածի անշրջելիության գիտակցումն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:
«Մեր բնակչության 3/4-ն արդեն չի պատկերացնում, թե ինչպես կարելի է չլինել անկախ ժողովուրդ, ինքնիշխան պետություն, եւ դա ամենագլխավորն է»,- կարծում է Սաֆարյանը:
Նրա խոսքով, ամեն տարի հայ ժողովուրդն ավելի է մոտենում ազատ, ժողովրդավար, եվրոպական հասարակություն դառնալուն՝ ձգտելով ազատ երկիր ստեղծել:
«Մեզ համար շատ կարեւոր է ոչ միայն անկախության գիտակցումը, այլեւ պատասխանատվությունը, քանի որ հենց մեր վրա է ընկած պատասխանատվությունն ապագա սերունդների վրա: Մենք պարտավոր ենք այնպիսի պետություն ստեղծել, որտեղ ապրելը ոչ միայն պարտավորություն է, այլեւ երջանկություն»,- ասել է նա:




























