Մեր 19-ամյա անկախությունը մանուկ է՝ բարուրի մեջ։ Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց պատմաբան Ռաֆիկ Թադեւոսյանը։

Նա Հայաստանի Հանրապետության անկախության 19 տարիների ամենամեծ ձեռքբերումը համարեց ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը։ «Մեր ամենախոշոր նվաճումը արցախյան պատերազմում տարած հաղթանակն է։ Ոչ մի քաղաքական ուժ չպետք է այս հաղթանակն իրեն վերագրի, որովհետեւ Արցախն ազատագրվել է մեր տղաների արյան գնով, Արցախն ազատագրել է ժողովուրդը»,- ընդգծեց նա՝ միաժամանակ ոգեւորություն հայտնելով, որ անկախության սերունդը գնալով ավելի ու ավելի է գիտակցում հաղթանակի նշանակությունը, «կամաց-կամաց սովորում եւ արժեւորում եռագույնը, ինչպես նաեւ պետական մյուս ատրիբուտները»։

Ռաֆիկ Թադեւոսյանի խոսքով, անկախության 19 տարիները ե՛ւ քիչ են ե'ւ միեւնույն ժամանակ շատ։ «Մեզ համար ժամանակը թանկ է, մենք դանդաղելու իրավունք չունենք, ինչպես դանդաղել ենք այս 19 տարիներին։ Այն, ինչ այլ պետությունները հասցնում են 19 տարում, մենք պետք է հասցնենք 8-ում»,-ասաց նա՝ իր այս տեսակետը բացատրելով երկրում առկա սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական դժվար կացությամբ։ «Մեր ապիկարության պատճառով է, որ գյուղատնտեսությունում խրոնիկական ծանր ճգնաժամի մեջ է։ Խայտառակ վիճակում է նաեւ կրթության ոլորտն իր 12-ամյա հայեցակարգով։ Իր տեղում չէ նաեւ եկեղեցին, ոգեղենի պակաս կա»,- նշեց Ռաֆիկ Թադեւոսյանը։

Ասուլիսին ներկա «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյան եւս որպես անկախության տարիների ամենախոշոր ձեռքբերում առանձնացրեց ղարաբաղյան ազատամարտում տարած հաղթանակը։ «Անկախության 19 տարիներն իմաստավորելու համար հսկայական գործ ունենք անելու։ Բոլոր այս տարիներին դա մենք չենք արել։ Սակայն այսօրվա դրությամբ, ինչ որ ունենք, ունենք ժողովրդի շնորհիվ։ Ունենք այն տարածքները, որ ձեռք ենք բերել մեր զավակների թափած արյան գնով, այն սահմաններով, որոնք մենք ենք գծել»,- նկատեց նա՝ միաժամանակ հավելելով, սակայն, որ ղարաբաղյան խնդրում մեր արտաքին քաղաքական ուղեգիծն այնքան էլ լավը չէ:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայատանի Հանրապետությունը նշում է անկախության 19-ամյակը։