Իլհամ Ալիեւի՝ երբեմնի «միատարր եւ համախմբված» «Ենի Ազերբայջան» կուսակցության շարքերում շարունակվում է սրվել ներքին հակամարտությունը: Կուսակցության շարքերում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պառակտում է նշմարվում:

Լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել կառավարող կուսակցության պատգամավորական թեկնածուների ցուցակը, որտեղ չեն հայտնվել ներկայիս գումարման 18 պատգամավորներ: Կառավարող կուսակցությունը դա բացատրել է ապագա խմբակցության երիտասարդացման ցանկությամբ:

Բացի այդ, կառավարող կուսակցության որոշ անդամներ, ի հեճուկս «Ենի Ազերբայջանի» ղեկավարության, իրենց թեկնածություններն են առաջադրել պաշտոնական հավակնորդների դեմ:

Կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը կուսակցության կայքին տված հարցազրույցում հայտարարել է, թե տեղի ունեցածի կապակցությամբ տեղական կառույցներում համապատասխան աշխատանքներ են տարվելու:

Հաշվի առնելով Ադրբեջանի իրողությունները՝ չի բացառվում, որ առաջիկայում «անհնազանդ» կուսակցականները ալիեւյան կլանի ճնշման տակ ստիպված լինեն հանել իրենց թեկնածությունը, բայց պառակտման բուն փաստը աննախադեպ է Ադրբեջանի կառավարող կուսակցության պատմության ընթացքում:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կայանալու են նոյեմբերի 7-ին: