ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Իվո Դաալդերը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցումը հնարավոր է, բայց Մոսկվան ինքը պետք է նման որոշում կայացնի եւ հասկանա, թե որքանով է այդ անդամակցությունը բխում իր շահերից:

«Ռուսաստանը եվրոպական երկիր է, իսկ դա նշանակում է, որ Դաշինքի անդամ դառնալու որեւէ խոչընդոտ չկա: Այլ հարց է, թե, արդյոք, դա պե՞տք է Ռուսաստանին»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Նա չի կասկածում, որ ՆԱՏՕ-ի նոր կոնցեպցիայում անպայման կնշվի Դաշինքի «հիմնական գործառույթը», որն ամրագրված է նրա հավաքական անվտանգության մասին պայմանագրի 5-րդ հոդվածում: «Բայց դա չի նշվի ռուսական կոնտեքստում»,- վստահեցրել է ամերիկացի դիվանագետը:

Դաալդերը հիշեցրել է, որ կոնցեպցիան մշակում է «բացառապես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը», այնպես որ վերջնական տարբերակը դեռ ոչ ոք չի տեսել:  «Բայց ԱՄՆ-ը ելնում է նրանից, որ փաստաթղթում ամրագրվելու է «ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների տեսլականը` որպես գործընկերային, այլ ոչ հակամարտ կողմերի հարաբերություններ»,- ասել է Դաալդերը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հույս ունի, որ Նյու Յորքում եւ Լիսաբոնում կայանալիք հանդիպումներում սկզբունքային համաձայնություն կկայանա ՆԱՏՕ-ի 29 անդամ-երկրների միջեւ, որ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը երկխոսության ասպարեզ կդառնա: