ԱՄՆ-ում նոր կադրային փոփոխություններ են տեղի ունենում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսության գծով խորհրդական Լարրի Սամերսը մինչեւ այս տարվա վերջ կհեռանա պաշտոնից: Սա վերջին 4 ամսվա ընթացքում, Օբամայի աշխատակազմի տնտեսական բլոկի արդեն երրորդ պաշտոնյան է, որ հեռանում է:
Տնտեսական խորհուրդը ղեկավարող Սամերսը համարվում է Օբամայի տնտեսական քաղաքականության «գլխավոր ճարտարապետը»: Իր հեռանալու մասին որոշումը նա չի բացատրել, հայտարարելով, միայն, որ մտադիր է վերադառնալ Հարվարդում իր դասավանդմանը եւ տնտեսության վերաբերյալ ֆունդամենտալ աշխատություն գրելուն, հաղորդում է FoxNews-ը:
Բարաք Օբաման, մեկնաբանելով Սամերսի պաշտոնից հեռանալու որոշումը, հայտնել է, որ նա համաձայնել է դառնալ ԱՄՆ նախագահի տնտեսության գծով խորհրդականների խմբի անդամ: Իսկ թե ով կգլխավորի այդ խորհուրդը, դեռ հայտնի չէ:




























