Ադրբեջանը խոսքով պաշտպանելով միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, իրական կյանքում խոչընդոտներ է հարուցում դաշնակիցների համար: Մասնավորապես, ադրբեջանական կողմի մեղքով ձախողվել է գերմանական լրացուցիչ կոնտինգենտի զինծառայողների առաքելությունը, որը Բունդեստագի որոշմամբ պետք է ապահովեր ինքնաթիռների սպասարկումը եւ որը հագեցած է AWACS տիպի ռադիոլոկացիոն համալիրի սարքավորումներով:

Ավելի քան երեք շաբաթ գերմանացի զինվորները գտնվել են Թուրքիայի Քոնիա քաղաքի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի հենակետում, որից հետո այդպես էլ չկատարելով իրենց հանձնարարությունը վեռրադարձել են գերմանիա: Ադրբեջանն ու Թուրքմենստանը թույլտվություն չեն տվել օգտագործել իրենց օդային տարածքը ՆԱՏՕ-ի ինքնաթիռների Աֆղանստան թռչելու համար:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Թոմաս Ռաաբեն, ով երեկ հաստատել է այդ տեղեկությունը, նշել է, որ այդ առաքելության իրականացումը մտնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի լիազորությունների մեջ:

Իսկ արդեն Süddeutsche Zeitung թերթի տեղեկություններով, ներկայումս ՆԱՏօ-ն բանակցություններ է վարում Արաբական միացյալ էմիրությունների տարածքում գտնվող հենակետն օգտագործելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նշված հեռահար ռադիոլոկացիոն համակարգերով հագեցած ինքնաթիռների խնդիրը Աֆղանստանի տարածքում օդային թրաֆիկի վերահսկողությունն է: Ներկայումս դրանով զբաղվում է ԱՄՆ-ը: Վերլուծաբանների կանխատեսմամբ, մոտակա ժամանակներս սպասվում է որ Աֆղանստանի վրայով թրաֆիկը կավելանա 3-5 անգամ, ինչը վկայում է AWACS տիպի ինքնաթիռներով նախատեսված առաքելության շտապ իրականացման անհրաժեշտության մասին: