Սեպտեմբերի 22-ին ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա), Քրիստո Քրիստովը (Բուլղարիա) եւ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԳՆԱՆ դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: