Հայաստանի խորհրդարանի արդեն նախկին փոխնախագահ, ներկայումս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքային պատգամավոր Արեւիկ Պետրոսյանը մտադիր չէ հրաժարվել իր մանդատից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Արեւիկ Պետրոսյանը: Նա նաեւ նշեց, որ մտադիր չէ այլ աշխատանքի անցնել եւ շարունակելու է իր օրենսդրական գործունեությունը խորհրդարանում: Սակայն հրաժարականի դրդապատճառների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն ոչ նրանից, ոչ ԲՀԿ-ից, որը ներկայացնում է Արեւիկ Պետրոսյանը, հնարավոր չեղավ ստանալ: NEWS.am-ի տեղեկություններով, «Բագավաճ Հայաստանից» խորհրդարանի նոր փոխխոսնակը լինելու է Վարդան Բոստանջյանը:
Նշենք, որ օրերս Արեւիկ Պետրոսյանը խորհրդարանի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: ԲՀԿ մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանն ասել է, թե նոր փոխխոսնակի թեկնածությունը քննարկվելու է հոկտեմբերի սկզբին կայանալիք քառօրյայի ընթացքում: Սակայն այսօր արդեն լուրեր են պտտվում, որ նոր փոխխոսնակի հնարավոր թեկնածուները երկուսն են` Վարդան Բոստանջյանը, ով սեփական կուսակցության գաղափարների համար հրապարակայնորեն հրաժարվեց Վիկտոր Դալլաքյանի հետ ընկերությունից, եւ նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, ով երդվում էր, թե իր ճակատին «Օրինաց երկիր» է գրված, սակայն բարեհաջող կերպով դավաճանեց հարազատ կուսակցությանը: «Բարգավաճ Հայաստանի» պատգաավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը արդեն հայտարարել են, թե մտադիր չեն զբաղեցնել այդ պաշտոնը:




























