«Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՀԿ-ի միջեւ այսօր ոչ մի էական, շոշափելի, լուրջ տարաձայնություն, բանավեճ, մրցակցություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ արձագանքելով իր գործընկերոջ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Ռազմիկ Զոհրաբյանի հայտարարությանը, թե «եթե մենք իսկապես փորձեինք քայլեր ձեռնարկել ԲՀԿ-ն թուլացնելու համար, ԲՀԿ-ն իսկապես կթուլանար»: Արամ Սաֆարյանն ասաց, որ Զոհրաբյանի հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա եւ հավելեց. «Մենք մրցակիցներ ենք քաղաքական դաշտում եւ միաժամանակ գործընկերներ կոալիցիայի ներսում: Այն առանձին խոսակցությունները, որոնք գալիս են մեր երկու կուսակցությունների ներքեւներից, որոնք կարող են ինչ-որ մրցակցության, խանդի, նախանձի տպավորություն թողնել, բոլորովին չեն հաստատվում մեր վերեւների համագործակցությամբ»: ԲՀԿ քարտուղարի խոսքով՝  ե՜ւ կառավարությունում, ե՜ւ խմբակցությունում, ե՜ւ կոալիցիայի շրջանակներում ունեն միանգամայն առողջ, գործընկերային հարաբերություններ:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ն թուլացնելու մասին խոսակցություններին, ապա Սաֆարյանն ասաց, որ իրենց կուսակցությանը ոչ ոք եւ ոչինչ չի կարող թուլացնել: «Մենք մշտապես աշխատում ենք մեր շարքերը միահամուռ, համերաշխ պահելու ուղղությամբ, եւ կարծում եմ, որ այդ աշխատանքը շարունակվելու է»: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Ռազմիկ Զոհրաբյանը խոսում ԲՀԿ-ին թուլացնելու մասին, Սաֆարյանը կտրուկ արձագանքեց. «Կներեք, բայց ես այն, ինչ ուզում էի ասել, արդեն ասացի»: