Իրանի Մեհաբադ քաղաքում շքերթի ժամանակ պայթյուն է որոտացել, հայտնում է IRINN հեռուստաընկերության պաշտոնական կայքէջը։

Նախնական տվյալներով, դա ահաբեկչական հարձակում է եղել։ Պայթյունի հետեւանքով զոհվել է յոթ, վիրավորվել` 20 մարդ։ Բոլոր տուժածները կանայք են։

Ինչպես նշում է իրանական FARS գործակալությունը, «Սրբազան պաշտպանության» շաբաթն Իրանում ամեն տարի նշվում է ի հիշատակ իրան-իրաքյան պատերազմի։ Այս օրերին Թեհրանում եւ Իրանի այլ քաղաքներում ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ, զինվորական շքերթներ են անցկացվում։

Իրան-իրաքյան պատերազմն սկսվել է 1980 թվականի սեպտեմբերի 22-ին, երբ Իրաքի բանակը հարձակվեց Իրանի Խուզիստան նահանգի վրա։ Պատերազմն ավարտվեց 1988 թվականի օգոստոսի 20-ին։ Պատերազմի արդյունքում երկու երկրների սահմաններն անփոփոխ են մնացել։