Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի նախկին աշխատակից, Գլենդեյլի 54-ամյա բնակիչ Հակոբ Հովհաննիսյանը, ով մեղադրվում է կեղծ փաստաթղթեր կազմելու համար, նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը։
Հովհաննիսյանը մեղադրվում է արտաքսման ենթակա ապօրինի ներգաղթյալներին, այդ թվում մի քանի հանցագործի, կեղծ նամակներ տրամադրելու մեջ, որոնց միջոցով նրանք խուսափել են Միացյալ Նահանգներից վտարվելուց: Այժմ նա կարող է դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման։ Glendale News Pres-ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ դատավճիռը կհրապարակվի եկող տարվա սկզբին:
Այդ գործով կա եւս 4 մեղադրյալ, որոնք դեռեւս դատարանի առջեւ չեն կանգնել: Նրանց թվում է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը, մյուս 3-ը նույնպես հայեր են:
Ըստ ներկայացված մեղադրանքի` Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի անունից մի քանի տասնյակ կեղծ նամակ է պատրաստվել։ Հայտնի է, որ առնվազն 5 նման նամակ վաճառվել է 37-հազարական դոլարով:
Ղալումյանը անցած տարվա հուլիսին հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքը:




























