Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում փոփոխություններ են կատարվել: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշում է կայացրել հանձնաժողովի 2009թ. հունիսի 6-ի` «Երեւանի ավագանու անդամներ ընտրվելու մասին» N 72-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Ըստ այդմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում «Վարդանյան Արման Ռազմիկի» եւ «Մասումյան Սուրեն Ռաֆայելի» բառերը փոխարինվել են «Կարապետյան Հովհաննես Հարությունի» եւ «Հովսեփյան Հրայր Սվյատոսլավի» բառերով: Որոշումը կայացվել է` հիմք ընդունելով Երեւանի ավագանու նախկին անդամների ներկայացրած, ինչպես նաեւ ԲՀԿ-ի ընտրական ցուցակի հերթական անդամներ Մանուկ Հովհաննիսյանի, Խաչատուր Մկրտչյանի եւ Վարգդես Մկրտչյանի ինքնաբացարկի մասին դիմումները:
Այսպիսով, Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության նոր անդամներ են դարձել Հովհաննես Կարապետյանն ու Հրայր Հովսեփյանը:




























