2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 0,6 մլրդ դոլար, ներմուծումը՝ 2,3 մլրդ դոլար։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության այսօրվա` սեպտեմբերի 22-ի հրապարակման մեջ։ Արտաքին առեւտրի բացասական մնացորդը շարունակել է մեծանալ եւ հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 1,76 մլրդ դոլարի եւ կազմում է ՀՆԱ 32,7 տոկոսը։ Այս ցուցանիշով Հայաստանը «առաջատար» է ԱՊՀ-ում եւ Արեւելյան Եվրոպայում։
Արտաքին առեւտրի հաշվեկշռի մեծացումը վկայում է, որ Հայաստանը չի կարողացել հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետեւանքները, իսկ կառավարության ջանքերը՝ խթանել տեղական արտադրությունը, բավարար արդյունք չեն տվել։





























