Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամն արդեն «բաց դուռ է» Հայաստանի կինեմատոգրաֆիստների համար: Այդ մասին մարտի 23-ին հայտնել է Հայաստանում «Եվրիմաժ» հիմնադրամի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը երկրի` հիմնադրամին անդամակցությանը նվիրված մամուլի ասուլիսին: Հայաստանը, նրա խոսքով, դեռ երկար ճանապարհ պիտի անցնի «Եվրիմաժի» լիիրավ անդամ դառնալու համար: «Մենք շատ բան ունենք սովորելու եւ փոխանցելու մեր ռեժիսորներին, պրոդյուսերներին», - այդ համատեքստում նշել է Հարությունյանը:
«Եվրիմաժ» հիմնադրամի եւս մի ներկայացուցիչ` Վրեժ Քասունին նշել է, որ հանրապետությունում անիմացիոն ֆիլմերի ստեղծման դասընթացներ կկազմակերպվեն: «Կինոարտադրողների համար սա մեծ խթան է միջազգային թատերաբեմ դուրս գալու տեսանկյունից: Սա նաեւ մեծ մարտահրավեր է, որ մեր պրոդյուսերները միջազգային չափանիշների համաձայն աշխատեն», - ընդգծել է Քասունին:
Մամուլի ասուլիսի երրորդ մասնակիցը` Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն իր հերթին նշել է, որ «Եվրիմաժ» համակարգին անդամակցումը հայկական կինոարտադրության առաջընթացի լրացուցիչ խթան կլինի:





























