Universal Channel հեռուստաալիքի պատվերով իրականացված հարցմանը 2000 մարդ է մասնակցել: Մասնագետները պարզել են. ժամանակակից տղամարդիկ հանրային վայրերում իրենց հայրերից 2 անգամ ավելի հաճախակի են լաց եղել, գրում է MedDaily-ն` վկայակոչելով The Hindustan Times-ին:
Միջին տարիքի տղամարդիկ ուրիշների մոտ լաց են եղել կյանքում մոտ 14 անգամ, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները` ընդամենը 5 անգամ: Հարցման երիտասարդ մասնակիցները ոչ միայն չեն ամաչել իրենց արցունքներից, այլեւ լաց են եղել աննշան առիթներով: Այսպես` 10 կամավորից 8-ը չի կարողացել արցունքները զսպել հուզիչ հեռուստահաղորդում դիտելիս:
Հոգեբան Դոննա Դոուսոնն ասում է. ժամանակակից հասարակությունը ներողամտաբար է վերաբերվում հասարակական վայրերում արցունքներին: Սակայն շատերը միեւնույն է` վախենում են, թե իրենց վրա կծիծաղեն: Բացի այդ, Դոննա Դոուսոնի խոսքով, հեռուստաշոու դիտելիս մարդիկ ավելի հաճախակի են լաց լինում, որովհետեւ, ի տարբերություն իրական իրավիճակների, դրանք հակասական, օրինակ` մեղքի, ափսոսանքի, շփոթվածության կամ ցասման զգացումներ չեն առաջացնում: Հենց այդ զգացումներն են մարդկանց ստիպում կյանքի ծանր իրավիճակներում զսպել արցունքները:





























