Հանրահայտ Playboy ամսագիրը կարող է վաճառքի դրվել՝ այդ թվում հրատարակչությունը, կայքը, լիցենզիոն համաձայնագրերն ու մյուս ակտիվները: Գնահատված արժեքը գերազանցում է 500 մլն դոլարը, հայտնել է հրատարակչատան գործադիր տնօրեն Սքոթ Ֆլանդերսը:

Նրա խոսքով հրատարակչության վաճառքը բխում է ամսագրի հիմնադրի ու սեփականատիրոջ Հյու հեֆների «առանձնատունը վաճառելու շահագրգռվածությունից»: Առանաձնատունը 200 մլն դոլարով վաճառքի էր դրվել հունվարին այն պայմանով, որ նոր սեփականատերը 89-ամյա Հեֆնեին թույլ կտա մինչեւ կյանքի վերջ ապրել այդ տանը: Առանձնատունը այդպես էլ չի վաճառվել:

«Մի քանի հարուստ կազմակերպություններ հետաքրքրվել են առանձնատան գնումով»,- ասել է Ֆլանդերսը՝ ճշգրտելով, որ խոսքը ամերիկյան ու արտասահմանյան պոտենցիալ գնորդների մասին է, հայտնում է CNN–ը:

Այս տարի խմբագրությունը փոխել է իր հայեցակարգը՝ հույս ունենալով «գրավել ընթերցողների նոր սերնդի»: Մարտի համարը թողարկվել է ոչ ամբողջովին մերկ գեղեցկուհիների լուսանկարներով, ձեւաչափը մեծացել է, ամսագիրն ավելի որակյալ թղթի վրա են սկսել տպագրել:

Ամսագրի առաջին համարը՝ Մերիլին Մոնրոյի լուսանկարով, թողարկվել է 1953-ին, 1972 թ. նոյեմբերին վաճառվել է ամսագրի ռեկորդային քանակություն՝ ավելի քան 7 մլն նմուշ, իսկ հիմա այդ ցուցանիշը չի գերազանցում 800 հազարը: