Սուխումից հայտնում են, որ հարձակումից հետո Աբխազիայի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբի կյանքին վտանգ չի սպառնում։ Անհայտ անձինք կրակել էին նրա բարեկամների՝ Գուդաուտում գտնվող տան վրա, ուր նա ապրում է վերջին մի քանի տարիներին։ Ընդ որում, արկն ընկել է այն սենյակը, որտեղ գիշերում էր փոխնախագահը։ Ինչպես հայտնել են Աբխազիայի ՆԳՆ-ից, կրակոցը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 03։00-ին։ Այլ տուժածներ չկան, փոխնախագահին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը, Անկվապի վրա հարձակումն ուղղված է հանրապետությունում վիճակի անկայունացմանը։ «Ես չեմ կարող բացատրել, թե ով կարող է կանգնած լինել այս հանցագործության հետեւում։ Սակայն հետաքննություն է ընթանում, եւ ես վստահ եմ, որ մենք կիմանանք, թե ով է սրա հետեւում կանգնած»,- ավելացրել է Բագապշը։




























