Այն օրը, երբ Բրյուսելում ահաբեկչական հարաձակումներ են եղել, քաղաքում չի աշխատել Astrid կապի համակարգը, որը սովորաբար ոստիկաններն օգտագործում են իրենց գործողություններն իրականացնելու համար, գրում է Nieuwsblad–ը:

Նշում են, որ համակարգի խափանումը մի քանի ժամ է տեւել: Սակայն ոստիկանության աշխատակիցները կարողացել են համակարգել իրենց գործողությունները WhatsApp–ի օգնությամբ:

Ավելի վաղ հայտնել էին, որ ահաբեկչությունների ժամանակ Բրյուսելի իշխանությունները կոչ են արել շփվել «ՍՄՍ»-ների կամ սոցցանցերի օգնությամբ: Telenet ընկերությունն էլ հայտնել էր 24 ժամվա ընթացքում անվճար ինտերնետ տրամադրելու մասին:

Մարտի 22-ին Բրյուսելում երեք պայթյուն է եղել ՝ երկուսը օդանավակայանում ու մեկը ՝ մետրոյում: Զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել ՝ 300-ը: