Այս շրջանում, երբ ակտիվանում են ապօրինի անտառահատման դեպքերը, հարկային մարմինները եւս ակտիվացրել եւ խստացրել են հսկողությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, Իջեւան-Երեւան ավտոճանապարհի տարբեր հատվածներում Իջեւանի տարածքային հարկային տեսչության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները վերահսկողություն են սահմանել բոլոր տրասպորտային միջոցների նկատմամբ: Ստուգայցերի արդյունքում, սեպտեմբերի 6-ից մինչեւ 15-ն ընկած ժամանակահատվածում, հայտնաբերվել են ապօրինի ձեռնարկատիրության մի շարք դեպքեր:

Այսպես, արձանագրվել է շուրջ 105քմ մանրատախտակի տեղափոխման դեպք. ապօրինի ձեռնարկատերը Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ Նորայր Ղազարյանն է:

Ազատամուտից եւ Վազաշենից փորձել են փայտածուխ տեղափոխել բնակիչներ Մհեր Մելքումյանը եւ Սուրեն Սահակյանը. խոսքն ընդհանուր առմամբ 100 պարկ փայտածուխի մասին է:

Ավելի մեծ թիվ են կազմել վառելափայտի ապօրինի տեղափոխման դեպքերը: Իջեւանի հարկային տեսչության աշխատակիցները միանգամից այդպիսի չորս դեպք են բացահայտել. շուրջ 52խմ վառելափայտ են փորձել տեղափոխել Գանձաքարի բնակիչներ Դավիթ Էվինյանն ու Յուրա Ներկարարյանը, Դիլիջանից' Խաժակ Օթարյանը եւ Սեւքարից' Համլետ Բաղդասարյանը: Ապօրինի տեղափոխվող վառելափայտի ընդհանուր արժողությունը մոտ կես միլիոն դրամ է կազմել:

Այսպիսով, բացի նշված դեպքերից, Իջեւանի տարածքային հարկային տեսչության ստուգայցերի արդյունքում այս փուլում հարկային դաշտ է բերվել եւս 14 տնտեսվարող սուբյեկտ, ովքեր ստացել են պետական գրանցում եւ ձեւակերպվել որպես անհատ ձեռնարկատերեր:

Իջեւանի տարածքային հարկային տեսչության ստուգայցերն ու ուսումնասիրությունները շարունակվում են: