Սեպտեմբերի 25-ին եւ 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Երգում է  70-ականների Երեւանը» համերգը։

Նախագծի հեղինակ, ջազմեն Վազգեն Ասատրյանը սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս անգամ ծրագրում լինելու են նոր երգեր։

«Նորից լինելու են 70-ական թվականների երգեր, բայց, որոնք չեն հնչել 70-ականների կատարողների կողմից»,- նշեց նա ու հավելեց, որ համերգին  մասնակցելու է Ռուբեն Մաթեւոսյանը, Ռաիսա Մկրտչյանը, Սյուզան Մարգարյանը, Արամոն, Լեւոն Մալխասյանը, Երվանդ Երզնկյանը եւ այլք։

«Համերգը նպատակ ունի երիտասարդ սերնդին հիշեցնել, թե 70-ականներին ինչ երաժիշտներ եւ երգեր են եղել։ 5 տարի առաջ կազմակերպված այս նույն նախագծի շնորհիվ շատ երգեր վերածնվեցին եւ երիտասարդները սկսեցին երգել դրանք»-ասաց ջազմենը։  Նա, խոսելով հայ երգարվեստի այսօրվա իրավիճակից, ասաց, որ այսօր տաղանադավոր երգիչներին չեն թողնում առաջ  գնալ։

«Դժբախտաբար, ով որ ֆինանսներ ունի, նա է առաջ գնում շոու բիզնեսի մեջ»-նշեց Վազգեն Ասատրյանը։

Տոմսերի արժեքը 2000-10000 դրամ է։ Դեկտեմբերի 5-ին եւ 10-ին նույն համերգը կլինի նաեւ ԱՄՆ-ում:

Ի դեպ նշենք, որ համերգին հրավիրված էին նաեւ ջազմեն Լեւոն Մալխասյանը, Լեւոն Սեւանը, հաղորդավար Սուսաննա Շահինյանը, սակայն նրանք չէին եկել, քանի որ քնած էին մնացել։

Հիշեցնենք, որ «Երգում է 70-ականների Երեւանը» առաջին համերգը կազմակերպվել էր  2005 թվականին։