Եթե հարյուր տարի հետո ինչ-որ մեկը գրի մեր ժամանակների մասին, ապա կասի, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարել է «Ջուսի» եւ «Շպրոտի» ժամանակներում: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով Հայաստանում առկա քաղաքական բանավեճի կուլտուրային եւ մասնավորապես եթերում այդ բանավեճի արտացոլմանը:

Նա նշեց, որ որքան հասարակությունը վատ է ապրում, այնքան քաղաքականացված է եւ դրա արտահայտությունը պետք է լինեին հեռուստատեսային հաղորդումները: Մինչդեռ եթերը լցված է ճաշ եփելուն եւ երգ-երաժշտությանը նվիրված հաղորդումներով, իսկ հասարկությանը հուզող որեւէ խնդրի  եթերը չի անդրադառնում, ավելին՝ այն փակ է այդ խնդիրների մասին խոսել ցանկացող մարդկանց առաջ:

Անտինյանը որպես օրինակ բերեց Հանրային խորհրդի մասին իր տեսակետն արտահայտելուց հետո տեղի ունեցած զարգացումները:  Նա նշեց, որ մամուլում արտահայտվելով Հանրային խորհրդի մասին, նշել էր, թե  այն անիմաստ կառույց է լինելու եւ չի ծառայելու հասարակության մեջ հանդուրժողականություն սերմանելուն: Այդ հրապարակումից հետո, Անտինյանին հրավիրել են հեռուստադուելի՝ իր ձեւակերպմամբ «ժամկետանց քաղաքական գործիչ Արշակ Սադոյանի հետ»: Եւ քանի որ այդ դուելում հեռուստադիտողների քվեարկության շնորհիվ հաղթել է Անտինյանը, այդ օրվանից եթերը նրա առաջ փակվել է, իսկ  Արշակ Սադոյանը նշանակվել քննադատության թիրախ դարձած Հանրային խորհրդի անդամ: «Ահա սա է մեր երկրում առկա բանավեճի կուլտուրան, ահա այսպես է օգտագործվում եթերը»,-նկատեց Անտինյանը:

Նա նաեւ նկատեց, թե բանը հասել է այնտեղ, «որ մեր կայանք արդեն ճաշ եփել էլ չգիտեն եւ հիմա էլ բոլոր ալիքներով ճաշ են եփում»: «Բա թողեք բանավիճենք, կարծիք հայտնենք, տեսակետների բախում լինի: Այն երկրում, որը քաղաքականացված է, որը ամեն օր տագնապ ունի, որ ամեն օր մտածում է պատերազմի վտանգի մասին, չի կարող լինել այնպես, որ որ ալիքը միացնես՝ կամ երգեն, կամ ճաշ եփեն: Կամ էլ երեխա ժամանակվա վինետկաները բերեն ու եթերում ցույց տան: Չի կարելի այդպիսի բան»,-նկատեց  ՀՌԱԿ փոխատենապետը:  Նա նաեւ հավելեց, որ իշխանությունը պետք է թույլ  տա, որ հնչեն բոլոր ռացիոնալ կարծիքները, իսկ թե հնչած կարծիքներից որը կընդունի՝ դա իր խնդիրն է: «Ընդամենը թողեք թող այդ կարծիքները հնչեն:  Եթե սրանից էլ եք վախենում, այստեղ արդեն գիտությունն անզոր է»,-նկատեց ՀՌԱԿ փոխատենապետը: