Ադրբեջանի Պաշտպանության նախարարության սպառազինման ու տեխնիկայի վարչության պետ գնդապետ Յագուբ Ախադովին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից: Պաշտպանության նախարար գեներալ -գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով իջեցվել է նաեւ Յա. Ախադովի կոչումը: ՊՆ վարչության նախկին ղեկավարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հայտնում է AzPolitika պորտալը:
ՊՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ «Յակուբ Ախադովին հեռացրել են աշխատանքից ծառայողական գործունեության թերությունների համար»:
AzPolitika կայքը պարզել է, որ գնդապետ Յ. Ախադովին աշխատանքից հեռացրել են մարտի 3-ին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Բաքու կատարած անսպասելի այցից անմիջապես հետո: Հենց այդ ժամանակ էլ քրեական գործ է հարուցվել նրա նկատմամբ: Այս բոլոր փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ բարձրաստիճան պաշտոնյայի՝ աշխատանքից հեռացումը պայմանավորված է Դ. Ռոգոզինի այցի ու անուղղակիորեն նաեւ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների հետ:
Կայքի աղբյուրը հայտնել է, որ Յ. Ախադովին հեռացրել են աշխատանքից 3.3 մլն դոլար յուրացնելու փորձի համար: Սակայն աղբյուրը չի բացահայտել մանրամասները: Ակնկալվում է, որ մոտ օրերս ՊՆ վարչության նախկին ղեկավարը կկալանավորվի:



























