Հայաստանի իշխանություններն ու դատախազությունը համառորեն գաղտնի են պահում մարտի 1-ին խաղաղ ցուցարարների վրա կրակած դիպուկահարի ինքնությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը: Նա մանրամասնել է, որ խոսքն այն դիպուկահարի մասին է, որը, ըստ պաշտոնական վարկածի, եղել է ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի կողքին եւ նրա հրահանգով կրակ է բացել: Անդրանիկ Քոչարյանը նշել է, թե իրենք լրջորեն կասկածում են, որ միայն մեկ դիպակահար է եղել, բայց նկատել է, որ անգամ այդ մի դիպուկահարին են գաղտնի պահել փաստահավաքից:

ՀԱԿ ներկայացուցիչը նկատել է, որ իրենք դեռ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին հղած իրենց 3-րդ զեկույցում կասկած են հայտնել, որ մարտի 1-ին զոհված ՈԶ ժամկետայաին զինծառայող Տիգրան Աբգարյանը զոհվել է ոչ թե ցուցարարների, այլ ոստիկանության բարձրատիճան որեւէ սպայի կրակոցից, եւ նախաքննական մարմինը, այդ կասկածները ցրելու համար պետք է բացահայտեր դիպուկահարի ինքնությունը, բայց, ընդհակառակը, ավելի է խորացնում դրանք: Քոչարյանը նշեց, թե երբ փաստահավաք խմբում իրենք հրավիրել են դիպուկահարին հարցեր տալու, ոստիկանապետը նախ ասել է, թե կուղարկի դիպուկահարին, հետո զանգահարել ասել է, թե չի կարող ուղարկել, քանի որ «այդպես են ասել դատախազությունից», այսինքն, ՀՔԾ-ն նախաքննության շահերից ելնելով որոշել է գաղտնի պահել դիպուկահարի անձը: Ըստ Քոչարյանի, միայն հայտնի է, որ դիպուկահարը կոչումով ենթասպա է, մասնակցել է արցախյան պատերազմին եւ լավագույնն է դիպուկահարների մեջ:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ցրեց Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույց անող ընդդիմության ակտիվիստներին, իսկ երեկոյան արդեն զենք կիրառվեց ցուցարարների նկատմամբ, ինչի արդյունքնում զոհվեց 10 հոգի: Սերժ Սարգսյանի հրամանով 2008թ. աշնանը փաստահավաք խումբ ստեղծվեց, որը պիտի շատ հարցերի պատասխան տար, սակայն յոթ ամիս աշխատելուց հետո խումբը լուծարվեց, եւ խմբի ընդդիմադիր անդամները առանձին զեկույցներ ներկայացրին: