«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Վենետիկի հանձնաժողովը կողմ է քվեարկված ցուցակների հրապարակմանը։
«Մենք չունենք որեւէ հստակ փաստաթուղթ, որեւէ փորձագիտական եզրակացություն, որն ասի, որ դեմ են քվեարկված ցուցակների հրապարակմանը, այդ թվում Վենետիկի հանձնաժողովը»,-այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովում Հայաստանին վերաբերող այդպիսի փաստաթուղթ գոյություն չունի։ «Ես չեմ կարծում, որ իշխանությունները նրանց համոզել են, որ դեմ լինեն»,-ասել է նա՝ հավելելով, որ վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տպավորություն է ստացել, որ կողմ են այդ ցուցակների հրապարակմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ Երեւանում Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ինքը տասն անգամ հարցրել է՝ դեմ են, թե կողմ, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։
Նշենք, որ ընդդիմադիր ուժերի հիմնական պահանջներից մեկը հենց քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումն է, մինչդեռ իշխանությունը դա հակասահմանադրական է համարում, քանի որ դրա վերաբերյալ կա ՍԴ որոշում:





























