«Նոր Հայաստան» միասնական ճակատի իշխանափոխության ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո դրա շուրջ համախմբման համաձայնություն դեռ չեն ներկայացրել այլ ընդդիմադիր ուժեր։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը։

«Ճանապարհային քրատեզը ենթադրում է փուլեր, որն սկսելու համար նախ պետք է լինի քաղաքական ուժերի լայն համախմբում։ Եթե այդ համախմբման առաջին քայլը չլինի, երկրորդը չի արվի, սա է ճանապարհային քարտեզի տրամաբանությունը»,-ասաց նա։

«Նոր Հայաստան» ճակատը ներկայացնող ուժերը բավարար չեն այդ գործողությունների ծրագիրն իրականցնելու համար,  հավանական շրջանակում են  ՀԱԿ-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  ԱԻՄ-ը եւ այլն։ Սակայն այս կուսակցություններից դեռ լուր չկա։

«Քննարկումներ ենք ունենալու, հանդիպումներ ու բանակցություններ, դեռ նախնական փուլում է ամեն ինչ»,-նշեց Վարուժան Ավետիսյանը՝ շեշտելով, որ ճանապարհային քարտեզը պետք է իրագործվի այդ համախմբամբ, հակառակ դեպքում պետք է վերանայեն գործողությունների ծրագիրը։

«Այնպես չէ, որ եթե չլինի համախմբում, ուրեմն ոչինչ չի լինի։ Այս ճանապարահային քարտեզն է ենթադրում այդպիսի ուժերի համախմբում։ Եթե չլինի, իհարկե, հնարավոր է՝ որոշ գործողություններ վերանայվեն»,-նշեց Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ճակատը հրապարակեց  այդ ճանապարհային քարտեզը: Ըստ այդմ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ակնկալում է դրա շուրջ ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության քննարկումների ու համախմբման գործընթացի ծավալում։ Այդ ծրագրով  ժողովուրդը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում և այլն) կաթվածահար է անում քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը։