«Ժառանգություն» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել 4+4+4 ձեւաչափով Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Մենք վաղը ասուլիս ենք հրավիրելու ու բոլոր հարցերին կպատասխանենք։ «Ժառանգության» հետ քննարկումներ եղել են մասնակցելու վերաբերյալ, սակայն մեր համաձայնությունը չի եղել»,-ասաց Մարտիրոսյանը։
Ուշագրավ է, որ կուսակցությունը մինչեւ քննարկման մեկնարկը չէր հայտարարում չմասնակցելու որոշման մասին։ Այսօր առավոտյան ասուլիսի ժամանակ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս հրաժարվում էր հստակ ասել՝ մասնակցելո՞ւ են, թե ոչ։ Խոստացավ այդ մասին ասել երեկոյան։
Թե ինչն է եղել հրաժարվելու պատճառը եւ ինչու մինչ մեկնարկը չէին հայտնում իրենց դիրքորոշման մասին, երբ լրատվամիջոցները գրում էին, որ ընդդիմության ներկայացուցիչների թվում կար նաեւ «ժառանգությունը», Մարտիրոսյանը հրաժարվեց պատասխանել՝ շեշտելով, որ վաղը առավոտյան կհայտարարի։
Հիշեցնենք, որ 4+4+4 ձեւաչափով քննարկումը ՀԱԿ-ի առաջարկն է, ինչին համաձայնեց իշխանությունը։ Այս ձեւաչափով քննարկմանը պետք է մասնակցեին չորսական ներկայացուցիչներ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ճակատներից։ Ընդդիմությունը այսօր երկու ժամ առաջ մեկնարկած քննարկմանը մասնակցել է երեք խմբակցության՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ ներկայացուցիչներով։





























